Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է վերսկսեն բանակցությունները արդեն հաջորդ շաբաթ՝ չնայած կողմերի միջև մարտական գործողությունների վերսկսմանը: Դրա մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով անանուն աղբյուրին:

Լրատվամիջոցի տվյալներով՝ բանակցությունների հերթական փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Շվեյցարիայում: Միաժամանակ նշվում է, որ Կատարի պատվիրակությունն ուրբաթ ժամանել է Իրան՝ իր գործողությունները համակարգելով Վաշինգտոնի հետ, որպեսզի փորձի նվազեցնել լարվածության մակարդակը:

«Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ ցանկանում են վերադառնալ փոխըմբռնման հուշագրին»,- Axios-ին հայտնել է անանուն դիվանագետը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության հնարավոր վերսկսումը:

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողությունները սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, ներառյալ՝ Լիբանանը: Ավելի ուշ, շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցան բանակցություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերի շուրջ։

Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող համաձայնագրի պայմանները խախտելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է։

Source: https://news.am/hy/news/1049162