ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային շուրջ 1,96 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ մինչև 20 հազար հրթիռային ուղղորդման համակարգերի հնարավոր վաճառքին։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել են գերատեսչության կայքում։
«ԱՄՆ Պետական դեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ օտարերկրյա ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում Սաուդյան Արաբիայի Թագավորությանը բարձր ճշգրտության խոցման համակարգերի և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին։ Գործարքի նախնական ընդհանուր արժեքը գնահատվում է 1,96 միլիարդ դոլար», — նշված է հրապարակման մեջ։
Թագավորության իշխանությունները մինչև 10 հազար լազերային ուղղորդման APKWS-II համակարգեր են հայցել «օդ-օդ» դասի հրթիռների և նույնքան էլ՝ «օդ-մակերևույթ» դասի հրթիռների համար։
Բացի ուղղորդման համակարգերից, ամերիկյան կողմը պատրաստ է Էր Ռիադին տրամադրել նաև հարակից նյութատեխնիկական աջակցությունը։ Մատակարարման ենթակա սպառազինության ցանկում ներառված են նաև LAU-131 A/A արձակման կայանքներ, Mk-152 մարտագլխիկներ և այլ համակարգեր։
Source: https://news.am/hy/news/1050107