ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պատկանող Truth Social սոցիալական ցանցի միջոցով օգնել է առաջ մղել ավելի քան 20 ընկերությունների, որոնց բաժնետոմսերը նա գնել էր դրանից կարճ ժամանակ առաջ: Նման պնդմամբ հանդես է եկել CNN հեռուստաընկերությունն՝ իր անցկացրած հետաքննության հիման վրա:
Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ ԱՄՆ առաջնորդը կատարել է առնվազն 44 գործարք՝ ձեռք բերելով 21 ընկերությունների բաժնետոմսեր, ինչից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել է հաղորդագրություններ, որոնք կարող էին դրականորեն ազդել այդ արժեթղթերի արժեքի վրա: Որպես նման գործողությունների օրինակ՝ CNN-ը բերում է Nvidia-ի բաժնետոմսերի գնումը 200 հազարից մինչև 500 հազար դոլարի սահմաններում, ինչից հետո ԱՄՆ նախագահն իր սոցցանցի էջում հայտարարել է տեխնոլոգիական հսկայի՝ ԱՄՆ տարածքում արհեստական բանականության սուպերհամակարգիչներ արտադրելու ծրագրերի մասին: Բացի դրանից, ԱՄՆ առաջնորդը ձեռք է բերել Tesla-ի բաժնետոմսեր՝ 500 հազարից մինչև 1 միլիոն դոլարի չափով՝ կարճ ժամանակ անց Truth Social-ում Իլոն Մասկի ձեռնարկություններին բարգավաճում մաղթելուց առաջ:
CNN-ը նշում է, որ Թրամփի կողմից իր ներդրումային պորտֆելի միտումնավոր առաջմղման կոնկրետ ապացույցներ չկան: Սպիտակ տանը մատնանշել են, որ արժեթղթերում նրա ներդրումներով զբաղվում են անկախ կազմակերպությունները:
Source: https://news.am/hy/news/1050221