ԱՄՆ զինված ուժերը մինչ օրս չեն իրականացրել այն հետախուզական տվյալների լիարժեք ու ստանդարտ ստուգումը, որոնք կարող էին օգտագործված լինել Իրանում դպրոցի ուղղությամբ հասցված հարվածի ժամանակ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ հետախուզական տվյալների ամբողջական փաթեթը, ներառյալ արբանյակային լուսանկարները, դեռևս չեն ենթարկվել մանրակրկիտ վերլուծության։ Հետաքննության այս փուլի նպատակն է պարզել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և ինչպես է այդ հարվածն անդրադարձել ընդհանուր գործողության ընթացքի վրա։ CNN-ը պնդում է, որ ամերիկյան զինվորական ղեկավարությունը նման ստուգում անցկացնելու հրաման չի տվել։ Դրա փոխարեն ԱՄՆ-ն իրականացրել է միայն նախնական գնահատում, որը պարզապես պետք է ցույց տար, թե արդյոք թիրախավորվել է նախապես որոշված օբյեկտը և ինչ չափով է այն վնասվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, ամերիկյան հրամանատարությունը փետրվարին հավանություն էր տվել Իրանում մի շարք թիրախների, այդ թվում՝ Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հարվածելուն՝ անտեսելով նախազգուշացումներն այն մասին, որ հետախուզական տվյալները խիստ հնացած են։
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարված են հասցրել Մինաբի աղջիկների տարրական դպրոցին։ Հարձակման հետևանքով զոհվել է 175 մարդ, որոնցից 168-ը՝ աշակերտուհիներ, ևս 95-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու, կատարվածի մեջ մեղադրել է Իրանի զինված ուժերին։ Սակայն հետագայում պարզվել է, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորներն ունեցել են ամերիկյան զինամթերքի մակնշում։
Հուլիսի 15-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմի իրականացրած հետաքննության արդյունքները, ամենայն հավանականությամբ, երբեք չեն հանրայնացվի։
Source: https://news.am/hy/news/1050161