ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանից պահանջել է հրապարակայնորեն հաստատել նավագնացության համար Հորմուզի նեղուցի ազատությունը և դադարեցնել առևտրային նավերի վրա իրականացվող հարձակումները։ Այս մասին լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, հաղորդում է Axios-ը։

Նրանց խոսքով՝ պահանջը Թեհրանին է փոխանցվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ տարածաշրջանային միջնորդների միջոցով։ Վաշինգտոնը գտնում է, որ Իրանը խախտել է փոխըմբռնման հուշագիրը, որը կողմերը ստորագրել էին երեք շաբաթ առաջ՝ Հորմուզի նեղուցի շրջանում առևտրային նավերի մի շարք հրետակոծություններից հետո։

ԱՄՆ-ում հայտարարում են, որ այդ միջադեպերը հանգեցրել են փոխադարձ հարվածների և վտանգի տակ դրել փխրուն համաձայնությունը։ Նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմը փաստացիորեն «ավարտված է»։

Ամերիկացի ներկայացուցիչները պնդում են, որ Իրանի կողմից իրենց բնորոշմամբ՝ պարզ պարտավորության չկատարումը կասկածի տակ է դնում ավելի բարդ պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը պահպանելու Թեհրանի պատրաստակամությունը։

Սպասվում է, որ շաբաթ օրը Մասկատում տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բադր ալ-Բուսաիդիի հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն ու ծովային հաղորդակցության անվտանգության հարցերը։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ իրանցի ներկայացուցիչները փակ շփումների ժամանակ հայտարարել են, որ նավերի վրա հարձակումները սխալմունք են եղել, և բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հերքել է այն պնդումները, թե Թեհրանն անձամբ է բանակցություններ խնդրել Վաշինգտոնից՝ հավելելով, որ Իրանը պարզապես համաձայնել է իրավիճակը քննարկելու վերաբերյալ կատարցի միջնորդների առաջարկին։

Վաշինգտոնում նույնպես հայտարարում են Իրանի ղեկավարության ներսում ընթացող ներքին պայքարի մասին, որոնք ընթանում են բանակցությունները շարունակելու կողմնակիցների և կոշտ գծի ներկայացուցիչների միջև։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը պետք է ինքնուրույն որոշի իր հետագա կուրսը։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Օմանում կայացած հանդիպումից հետո Իրանը հանդես կգա առևտրային նավերի վրա հարձակումները դադարեցնելու մասին հայտարարությամբ և կհաստատի, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր երթուղիները բաց կլինեն նավագնացության համար։

Ամերիկյան ներկայացուցիչներից մեկը նախազգուշացրել է, որ Իրանի կողմից այս պահանջները չկատարելը կհանգեցնի «լուրջ հետևանքների»։

Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմից հայտնում են, որ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, թեև Հորմուզի նեղուցի ճգնաժամն ավելի է խորացրել Վաշինգտոնի կասկածները՝ ապագա պայմանավորվածությունները հարգելու Թեհրանի հուսալիության հարցում։ Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ-ն արդեն իսկ գործողությունների այլընտրանքային սցենարներ է մշակում՝ դիվանագիտական գործընթացի հնարավոր տապալման դեպքի համար։

Source: https://news.am/hy/news/1049208