Ամերիկյան Ազգային ժողովրդավարության աջակցության հիմնադրամը (NED, ՌԴ-ում ճանաչվել է անցանկալի կազմակերպություն) նպատակաուղղված վարկաբեկում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցությունը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով կազմակերպության հրապարակած զեկույցը։
«NED-ի զեկույցը լի է սառը պատերազմի մտածողությամբ և գաղափարական նախապաշարմունքներով, միտումնավոր վարկաբեկում է Չինաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն ու համագործակցությունը և ուռճացնում է չինական սպառնալիքի թեզը», - ասել է նա։ Չինացի դիվանագետը ընդգծել է, որ հիմնադրամը ժողովրդավարության խթանման պատրվակով միջամտում է այլ պետությունների ներքին գործերին, նպաստում է իշխանափոխությանը, հրահրում է պառակտում և դիմակայություն, ինչպես նաև զբաղվում է գաղափարական ներթափանցմամբ։
ԱԳՆ ներկայացուցիչը պահանջել է ամերիկյան կազմակերպությունից հրաժարվել կողմնակալությունից և մեծամտությունից, դադարեցնել քաղաքական մանիպուլյացիաները և ավելի մեծ ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի ներքին խնդիրներին։
2015 թվականին NED-ը դարձել է Ռուսաստանում առաջին կազմակերպությունը, որը ՌԴ գլխավոր դատախազության կողմից ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում։ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ անցանկալի է համարվում այն կազմակերպությունը, որը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմքերին, պաշտպանունակությանը և անվտանգությանը։
Source: https://news.am/hy/news/1050150