Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ելույթի համար 4 միլիոն եվրո հատկացնելու որոշումն ընդունվել է երկրի հեղինակությանը հասցվելիք վնասից խուսափելու և միջոցառման տոմսեր գնած հազարավոր օտարերկրյա այցելուներին չհուսահատեցնելու համար, հաղորդում է NBC News-ը:

Համերգը նախատեսված է հուլիսի 11-ին՝ Տիրանայի մոտակայքում։ Դրա անցկացման համար կառուցվել է ժամանակավոր ստադիոն։

«Մենք վերջին պահին հատկացրինք 4 միլիոն եվրո, որպեսզի Ալբանիային անհարմար դրության մեջ չդնենք 80 երկրներից ժամանած գրեթե 25 հազար օտարերկրյա հյուրերի առջև, որոնք արդեն ձեռք էին բերել Քանյե Ուեսթի համերգի տոմսերը, մինչդեռ շատ ուրիշներ մտավախություն ունեին, որ միջոցառումը կարող է չեղարկվել»,- սոցիալական ցանցերում գրել է Ռաման:

Ըստ Ալբանիայի վարչապետի՝ համերգի անցկացումը կարող է երկրին առնվազն 100 միլիոն եվրոյի եկամուտ բերել՝ միջոցառման օրերին կացարանների ամրագրումների աճի շնորհիվ:

Իշխանությունների այս որոշումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել։ Քանյե Ուեսթը, որը հայտնի է նաև որպես Ye, նախկինում եվրոպական մի քանի երկրներում համերգներ անցկացնելու սահմանափակումների էր բախվել իր հայտարարությունների, դրանց թվում՝ Ադոլֆ Հիտլերին գովաբանող արտահայտությունների և նացիստական խորհրդանիշներով հրապարակումների պատճառով: Ավելի ուշ արտիստը ներողություն էր խնդրել իր հայտարարությունների մի մասի համար:

Քննադատներն ալբանական իշխանություններին մեղադրել են հակասական հեղինակություն ունեցող արտիստի ելույթը ֆինանսավորելու մեջ։ «Ալբանիան խայտառակում է իրեն՝ ընդունելով մի երգչի, որը հիանում է Հիտլերով»,- Ռամայի հրապարակման մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը:

Համերգի շուրջ ծագած վեճն ընթանում է Տիրանայում կառավարության դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին: Ակցիաները սկսվել են ավելի քան մեկ ամիս առաջ՝ Ջարեդ Կուշների հետ կապված էլիտար հանգստավայրի կառուցման ծրագրերի պատճառով, իսկ այնուհետև վերածվել են պահպանվող տարածքների հարևանությամբ ափամերձ գոտու կառուցապատման այլ նախագծերի քննադատության:

Բողոքի ցույցերի մասնակիցները նաև Էդի Ռամայի հրաժարականն են պահանջում՝ նրա կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի մեջ։ Վարչապետն այդ մեղադրանքները հերքում է:

Source: https://news.am/hy/news/1048697