Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արևելքում երկուշաբթի տեղի ունեցած հանկարծակի հեղեղումների հետևանքով: Ողբերգության մասին հայտնել են «Թալիբան» շարժման ձևավորած կառավարության ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը:
Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի. երկուշաբթի երեկոյան դրությամբ շուրջ 100 մարդ համարվում է անհայտ կորած:
Ըստ Աղետների հետևանքների վերացման ազգային վարչության հայտարարության՝ հիմնական վնասն արձանագրվել է Նուրիստան նահանգի վարչական կենտրոն Պարուն քաղաքում: Գերատեսչության տվյալներով՝ առնվազն 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Պաշտոնատար անձինք երկուշաբթի երեկոյան հայտնել են, որ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին գտնվող այս հեռավոր նահանգում որոնողափրկարարական գործողություն է մեկնարկել: Վարչությունից հստակեցրել են, որ փրկարարները մտավախություն ունեն «լուրջ ֆինանսական և մարդկային կորուստների» կապակցությամբ:
Աֆղանստանը դասվում է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ամենախոցելի երկրների շարքին, ինչի պատճառով երկրի որոշ տարածաշրջաններ ավելի հակված են դարձել երաշտների, իսկ մյուսները՝ առատ տեղումների:
Վերջին տասնամյակների ընթացքում Նուրիստանում և այլ նահանգներում իրականացված անտառահատումները միայն խորացրել են հանկարծակի հեղեղումների խնդիրը, քանի որ ծառերի ոչնչացումը դանդաղեցնում է անձրևաջրերի ներծծումը հողի մեջ:
Source: https://news.am/hy/news/1050806