Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) 6,2 միլիարդ դոլար կուղղի «Ում Շաիֆ» խոշոր ծովային հանքավայրի գազային գլխարկի յուրացմանը՝ բնական գազի արդյունահանման և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/СПГ) արտահանման ծավալներն ավելացնելու ռազմավարության շրջանակում։
Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները, որով սովորաբար անցնում է ՀԲԳ համաշխարհային առևտրի շուրջ 20%-ը, արագացրել են այս նախագծի իրականացումը և հերթական անգամ ընդգծել էներգակիրների գլոբալ մատակարարումների խոցելիությունը, հայտնում է CNBC-ն։
«Ում Շաիֆը» Աբու Դաբիի ամենահին գործող ծովային հանքավայրն է, որը յուրացվում է TotalEnergies, Eni և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի (CNPC) հետ համատեղ։
ADNOC-ի տվյալներով՝ հանքավայրը թույլ կտա օրական արդյունահանել ավելի քան 600 միլիոն ստանդարտ խորանարդ ֆուտ բնական գազ և ուղեկցող գազային հեղուկներ, ինչը համարժեք է ԱՄԷ-ում գազի ընթացիկ օրական սպառման գրեթե 10%-ին։ Արդյունահանման մեկնարկը նախատեսված է 2030 թվականին։
Այս ներդրումներն իրականացվում են ԱՄԷ-ի՝ սեփական գազային պաշարներից առավելագույն շահույթ ստանալու ձգտման ֆոնին՝ միաժամանակ ամրապնդելով ներքին էներգետիկ անվտանգությունը և ՀԲԳ համաշխարհային շուկաներում ունեցած դիրքերը։ Երկիրն ունի գազի ապացուցված պաշարներով աշխարհում 7-րդ տեղը, իսկ նավթի արդյունահանման ծավալը գերազանցում է օրական 4 միլիոն բարելը։
Այս տարվա սկզբին ԱՄԷ-ն դուրս է եկել ՕՊԵԿ-ից, որի պատճառով այլևս սահմանափակված չէ արդյունահանման ծավալների լիմիտներով։ Աբու Դաբին ակնկալում է արդեն հաջորդ տարի գերազանցել օրական 5 միլիոն բարելի ցուցանիշը։
«ADNOC-ն արագացնում է իր համալիր գազային ռազմավարության իրականացումը՝ ԱՄԷ-ի հարուստ գազային ռեսուրսներն ավելի արդյունավետ յուրացնելու և բնական գազի աճող պահանջարկի ֆոնին ՀԲԳ համաշխարհային շուկայում ներկայությունն ընդլայնելու համար»,- հայտարարել է ADNOC-ի գլխավոր տնօրեն Սուլթան Ահմեդ ալ-Ջաբերը։
Source: https://news.am/hy/news/1050976