Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների միջև կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ լռության րոպե կհայտարարվի՝ ի հիշատակ 2016 թվականի Նիցցայի ահաբեկչության զոհերի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«2016 թվականի հուլիսի 14-ի իրադարձություններից տասը տարի անց Ֆրանսիա-Իսպանիա խաղից առաջ լռության րոպե կհայտարարվի՝ ի հիշատակ Նիցցայի ահաբեկչության զոհերի»,- X սոցիալական ցանցում գրել է Մակրոնը՝ շնորհակալություն հայտնելով ՖԻՖԱ-ի նախագահին նախաձեռնությանն աջակցելու համար։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ։ Նիցցայի Անգլիական ափամերձ փողոցում բեռնատարը խոյահարել է տոնական հրավառությունը դիտելու եկած մարդկանց ամբոխը։ Հարձակման հետևանքով զոհվել է 86 մարդ, ավելի քան 450-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Ոստիկանությունը հարձակումն իրականացրած Մոհամեդ Լահուայեժ Բուհլելը տեղում սպանել է։ Ավելի ուշ ֆրանսիական դատարանը դատավճիռներ է ընդունել նրա հանցակիցների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործունեությանն աջակցելու և զենքի ապօրինի շրջանառության մեջ։
Source: https://news.am/hy/news/1049608