«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) դիլիջանյան, ծաղկաձորյան սեմինարների համար վճարել է պետությունը՝ ընդ որում, բավականին մեծ գումար՝ մոտ 630 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, վերնագիրը վերապատրաստում, խորհրդատվություն, կարողությունների զարգացում է։

Սովորաբար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) աշխարհի տարբեր երկրներում պետական մարմիններին աջակցում է դրամաշնորհներով, տեխնիկական աջակցությամբ և փորձագիտական ռեսուրսներով։ Հայաստանում, սակայն, գործում է նաև հակառակ ֆինանսական հոսքը․ 2024 թվականի ֆինանսավորման համաձայնագրով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240,600,000 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ ինչի համար է ՄԱԿ-ին ՀՀ Ազգային ժողովը գումար փոխանցել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։

Հարցմամբ դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ պարզաբանելու 2026-ին ապրիլի 30-ին 114 մլն 765 հազար դրամի ֆինանսավորման իրավական հիմքը, ծրագրի բովանդակությունը, վճարվող ծառայությունները, մրցակցային ընթացակարգի առկայությունը, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման վերահսկողության մեխանիզմները։

«ՀՀ Ազգային ժողովի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կատարված ֆինանսական փոխանցման համար հիմք է հանդիսանում 07.05.2024 թվականի ԱԺ աշխատակազմի և ՄԱԶԾ-ի միջև կնքված ֆինանսավորման համաձայնագիրը»։

Ի դեպ, այդ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 7-ին և վերաբերում է «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (MAP 2.0/FORSETI)» ծրագրին։ Այն նախատեսված է 2024-2027 թվականների համար և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 մլն ԱՄՆ դոլար։

«Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով»։

Մինչդեռ ՄԱԶԾ-ի պաշտոնական նկարագրությունը ցույց է տալիս, որ ծրագիրը շատ ավելի լայն նպատակներ ունի, քան պարզապես դասընթացներ կազմակերպելը։ Այն նախատեսում է բարձրացնել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել հանրության հետ հաղորդակցությունը, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը, աջակցել օրենսդրական գործընթացին, պայքարին ապատեղեկատվության դեմ և մեծացնել հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ։ Ծրագրի արդյունքային ցուցանիշների թվում նշվում են, օրինակ՝ հանրային իրազեկվածության ցուցանիշի առնվազն 7 տոկոս աճ, պատգամավորների և աշխատակազմի առնվազն կեսի վերապատրաստում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցությամբ առնվազն 10 քաղաքականության մշակում կամ վերանայում։

Մինչդեռ իրականում խորհրդարանական վերահսկողություն մեր երկրում չկա. ԱԺ-ն՝ ՔՊ-ի միանձնյա կառավարման ներքո է. բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են, որոշումները բացարձակապես իրենք են կայացնում։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք նման ծավալի պետական միջոցների հատկացման դեպքում իրականացվել է մրցակցային ընթացակարգ։

ԱԺ-ի պատասխանը մեկ նախադասություն է.

«Ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, որը միջազգային վերպետական կառույց է»։

Փաստորեն, մրցույթ կամ այլընտրանքային ընտրության մեխանիզմ չի կիրառվել, քանի որ գործընկերը միջազգային կազմակերպություն է, ուրեմն պետք է գումարը հենց ՄԱԿ-ին տալ։

«Ծախսի անհրաժեշտության բոլոր հիմնավորումները ներկայացված են «2026 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում»։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև կառավարության բյուջեի կատարումն ապահովող որոշումները։ Դրանցով հաստատվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված միջոցառումների շարքում ներառված է նաև ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ծրագրի ֆինանսավորումը, իսկ արդյունքային ցուցանիշները սահմանված են կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշմամբ և դրա հետագա փոփոխություններով։

Սակայն բյուջետային փաստաթղթերում չի ներկայացվում, թե 240.6 մլն դրամի դիմաց կոնկրետ որ ծառայության արժեքն ինչքան է, ինչքան գումար է ուղղվում խորհրդատվությանը, ինչքան՝ վերապատրաստումներին, ինչքան՝ փորձագիտական աշխատանքներին կամ վարչական ծախսերին։ Այդպիսի մանրամասն ֆինանսական բաշխում ԱԺ-ն նույնպես չի ներկայացրել։

«Ծրագիրը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին կատարված բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն, իսկ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ծրագրի խորհրդին տարեկան հաշվետվությունը։ Ծրագրի խորհրդի նիստեր տեղի են ունեցել 05.05.2025 թվականին և 21.04.2026 թվականին»։

Ծրագրի խորհրդում քննարկվում են նախորդ տարվա արդյունքները և հաստատվում հաջորդ տարվա աշխատանքները։

Իսկ ծրագրի արդյունավետությունը փաստացի չափելիություն չունի, վերահսկողություն նույնպես, քանի որ ՔՊ-ական պատգամավորները ՄԱԿ-ի և պետության միջոցներով փաստացի հանգստի են մեկնել կուրորտային քաղաքներ, որտեղ հընթացս մասնակցել են ինչ-որ դասընթացների կամ ելույթներ են լսել։ Ինչ է տվել դա ԱԺ-ին, որքանով են ինստիտուցիոնալ կարողությունները բարձրացել, մնում է խիստ անհայտ։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավական առումով ԱԺ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը ձևակերպված է, իսկ ծրագիրը միջազգային համաֆինանսավորմամբ իրականացվող բազմամյա նախաձեռնություն է։ Սակայն նույն փաստաթղթերը չեն պատասխանում ամենակարևոր հարցին՝ 240.6 մլն դրամի դիմաց ինչ չափելի արդյունք է ստացել և ստանալու Հայաստանի հարկատուն։

Եթե մասնավոր ընկերությունը ծառայություն է գնում, սովորաբար ներկայացվում է՝ ինչ աշխատանք է կատարվել և ինչ արժեքով։ Պետական միջոցների դեպքում նույն թափանցիկությունը ոչ պակաս կարևոր է։ Իսկ այս դեպքում հանրությունը դեռևս չի տեսնում, թե պետական բյուջեից նախատեսված մոտ 630 հազար ԱՄՆ դոլարը ինչպես է ազդել խորհրդարանի աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության կամ օրենսդրական որակի տեսքով»։

Source: https://news.am/hy/news/1051998