Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի մարզաշապիկը աճուրդում վաճառվել է 4,9 միլիոն դոլարով։ Հենց այս մարզաշապիկով էր նա դուբլ ձևակերպել 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում։ Sotheby's աճուրդային տան տվյալներով՝ այն դարձել է Ֆուտբոլի արքայի հետ կապված ամենաթանկ իրը։
Իսկական պայքար է ծավալվել 10 համարի կապույտ մարզաշապիկի համար. հինգ գնորդ ընդհանուր առմամբ 10 հայտ էր ներկայացրել։ Հենց այս մարզաշապիկով է ընդամենը 17-ամյա Պելեն Ստոկհոլմում օգնել Բրազիլիայի հավաքականին 5:2 հաշվով ջախջախել տանտերերին՝ շվեդներին, և նվաճել երկրի պատմության մեջ աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսը։
Այս գործարքի շնորհիվ Պելեի մարզաշապիկը դարձել է աճուրդների պատմության մեջ երկրորդ ամենաթանկ ֆուտբոլային համազգեստը: Ռեկորդը պատկանում է Դիեգո Մարադոնայի՝ 1986 թվականի Անգլիայի դեմ խաղի մարզաշապիկին (որով արգենտինացին խփեց հայտնի «Աստծո ձեռք» գոլը)․ 2022 թվականին այն վաճառվել է 9,3 միլիոն դոլարով, գրում է Reuters-ը:
Պելեն, ով կյանքից հեռացավ 2022 թվականին 82 տարեկան հասակում, երկու գոլի հեղինակ էր դարձել 1958-ի աշխարհի առաջնության վճռորոշ խաղում և մինչ օրս մնում է աշխարհի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Sotheby's-ի փոխանցմամբ՝ նախկինում այս նույն մարզաշապիկը արդեն հանվել էր աճուրդի. 2004 թվականին այն վաճառվել էր 70․505 ֆունտ ստերլինգով (այդ ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 105․600 դոլար)։
Source: https://news.am/hy/news/1050702