Այո, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ և «Քաղաքացիական պայմանագիր»–ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե, ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե, սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կա Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե, մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։ Իհարկե, խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն:

Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչն, իհարկե, շատ կարևոր է:

Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած՝ ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ»։

Source: https://news.am/hy/news/1048661