Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրվա սակարկություններն ավարտել են անկմամբ։
Dow Jones Industrial Average արդյունաբերական ցուցանիշը նվազել է 0,09%-ով՝ հասնելով 51876,11 կետի։ Standard & Poor's 500 ինդեքսի արժեքը նվազել է 0,05%-ով՝ կազմելով 7354,02 կետ։ Nasdaq Composite բարձր տեխնոլոգիական ինդեքսը կորցրել է 0,24% և շուկայի փակման պահին կանգնել 25297,62 կետի վրա։
Շուկայի վրա ճնշում են գործադրել արհեստական բանականության (ԱԲ) հեռանկարների և այդ ոլորտում ընկերությունների չափազանց մեծ ծախսերի վերաբերյալ մտահոգությունները։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times-ը հայտնել է, որ OpenAI-ը կարող է հետաձգել իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO)։
Այս ֆոնին Nvidia Corp.-ի կապիտալիզացիան (շուկայական արժեքը) նվազել է 1,6%-ով, Oracle Corp.-ինը՝ 2,6%-ով, CoreWeave-ինը՝ 2,2%-ով, Advanced Micro Devices-ինը՝ 2,1%-ով, Super Micro-ինը՝ 3,3%-ով, Broadcom-ինը՝ 3,7%-ով, Micron-ինը՝ 6,7%-ով, իսկ Alphabet Inc.-ինը՝ 1,8%-ով։
Ընդհակառակը, մի շարք այլ հսկաներ կարողացել են աճ գրանցել. Microsoft Corp.-ի շուկայական արժեքն ավելացել է 5,7%-ով, Meta-ինը՝ 1,4%-ով, Amazon.com Inc.-ինը՝ 2,5%-ով, պլանշետների ու նոութբուքերի գները բարձրացրած Apple Inc.-ինը՝ 3,1%-ով, իսկ Tesla-ինը՝ 1,2%-ով։
IBM-ի բաժնետոմսերը թանկացել են 5,2%-ով այն լուրերի ֆոնին, որ ընկերությունը մշակել է 0,7 նանոմետր (նմ) տեխնոլոգիական պրոցես, որն օգտագործվելու է ավելի հզոր ու էներգախնայող չիպերի արտադրության համար։
Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ON Semiconductor Corp. (Onsemi) ընկերության արժեթղթերը գրանցել են 23,7% կտրուկ անկում։ Սրա պատճառն այն տեղեկությունն էր, որ ընկերությունը բաժնետոմսերի փոխանակմամբ գնում է «խելացի» սարքերի ինտերֆեյսներ մշակող Synaptics Inc.-ը, որի գործարքը գնահատվում է 7 միլիարդ դոլար։ Լուրից հետո Synaptics-ի շուկայական արժեքը նվազել է 3,7%-ով։
Բրիտանական Wise ֆինտեխ ընկերության բաժնետոմսերի գները թռիչք են գրանցել՝ աճելով 10,2%-ով։ Չնայած ընկերության տարեկան նախահարկային շահույթը նվազել էր 8%-ով, այդ ցուցանիշը, միևնույն է, գերազանցել էր շուկայի կանխատեսումները։
Տիեզերական ոլորտի Rocket Lab ընկերության կապիտալիզացիան աճել է 4,8%-ով այն բանից հետո, երբ ՆԱՍԱ-ն նրանցից հրթիռ-կրիչներ էր ընտրել երկու տիեզերական առաքելությունների համար։
Tango Therapeutics դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 4,4%-ով։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Jefferies ֆինանսական կառույցը բարձրացրել է դրանց վերաբերյալ իր հանձնարարականը՝ ընդգծելով շագանակագեղձի քաղցկեղի դեմ ընկերության մշակած դեղամիջոցի մեծ հեռանկարները։
Ներդրողները վերլուծել են նաև ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած արտաքին առևտրային հաշվեկշռի տվյալները։ Ըստ այդմ՝ մայիսին երկրի ապրանքաշրջանառության դեֆիցիտը (բացասական հաշվեկշիռը) հասել է վերջին ավելի քան մեկ տարվա առավելագույն մակարդակին՝ կազմելով 105,8 միլիարդ դոլար՝ նախորդ ամսվա 83 միլիարդ դոլարի համեմատ։ Trading Economics-ը հայտնում է, որ վերլուծաբանները միջինում ակնկալում էին ավելի ցածր՝ 85 միլիարդ դոլարի բացասական սալդո։
Անցյալ ամիս ապրանքների ներմուծման ծավալն աճել է 3,6%-ով և կազմել 313,4 միլիարդ դոլար՝ թարմացնելով վերջին 14 ամսվա առավելագույն ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է 5,4%-ով՝ հասնելով 207,7 միլիարդ դոլարի։
Այս ամենին զուգահեռ, հունիսին ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսն աճել է՝ նախորդ ամսվա 44,8 կետից հասնելով 49,5 կետի։ Այս մասին նշված է Միչիգանի համալսարանի վերջնական զեկույցում, որն էլ հենց հաշվարկում է այդ ցուցանիշը։
Ինդեքսի վերջնական արժեքը սպասվածից ավելի լավն է եղել, քան նախնական գնահատմամբ արձանագրված 48,9 կետը, թեև փորձագետներն ակնկալել են, որ այն կվերանայվի և կհասնի 50 կետի։
Source: https://news.am/hy/news/1046549