Ուկրաինան հունիսի 30-ի գիշերը դրոններով զանգվածային հարվածներ է հասցրել Մոսկվայի մարզին։ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է առնվազն 60 անօդաչու թռչող սարք։ Դրանք «խոցվել են» Դոմոդեդովոյում, Չեխովում, Եգորևսկում, Կաշիրայում, Վոսկրեսենսկում, Պավլովսկի Պոսադում, Օդինցովոյում, Բրոնիցիում, Ռամենսկոյում, Ստուպինոյում, Կոլոմնայում և Դուբնայում։ Վերջինում, նախնական տվյալներով, կրկնակի հարձակման է ենթարկվել Ռուսաստանի խոշորագույն «Դուբնա» տիեզերական կապի կենտրոնը (ՏԿԿ)։ Այս մասին հայտնել է ուկրաինական Supernova մոնիտորինգային ալիքը։

Աղբյուրը հրապարակել է Դուբնա գետի ափից ականատեսի նկարահանած կադրերը, որտեղ երևում է համանուն տիեզերական կապի կենտրոնի տարածքից բարձրացող ծխի սյունը։ Ալիքի պնդմամբ՝ կենտրոնի վրա հարձակման հետևանքով ստացած վերքերից մեկ ռուս զինծառայող է զոհվել։ Նահանգապետ Վորոբյովը հաստատել է Դուբնային հասցված հարվածը, սակայն հայտարարել է, որ քաղաքում դրոնների բեկորներից «վարչական շենք» է վնասվել։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Դրանից առաջ «Դուբնա» ՏԿԿ-ն հարվածի տակ է հայտնվել հունիսի 22-ին։

Այն ժամանակ կենտրոնում, ուկրաինական կողմի տվյալներով, արձանագրվել էր «մասշտաբային ծխապատում»։ Հարձակման փաստը հաստատել էին կազմակերպության գլխամասային կառույցում՝ «Տիեզերական կապ» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունում։ Այնտեղ հայտարարել էին, որ «հեռուստատեսային հեռարձակման և կապի գործունեությունը չի խաթարվել», իսկ անձնակազմը չի տուժել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ այդ հարձակման հետևանքով վնասվել էին MARK-IV տեսակի 32 մետրանոց անտենայի ապարատային-մոդուլային համալիրը և կենտրոնի մի քանի մասնաշենքեր։

«Դուբնա» ՏԿԿ-ն հեռուստահեռարձակման և տվյալների փոխանցման ծառայություններ է ապահովում պետական կառույցների ու կոմերցիոն օպերատորների համար, ինչպես նաև փոխգործակցություն արբանյակների ուղեծրային խմբավորման հետ։ Այն ներառված է Ռուսաստանի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտների համակարգում։

Հունիսի 24-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ դրոնները խոցել էին նաև Գուս-Խրուստալնի քաղաքում գտնվող «Վլադիմիր» տիեզերական կապի կենտրոնը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբում հայտարարել էին, որ վնասվել և հրդեհվել է համալիրի երկու շենք։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Վլադիմիրի մարզի այս կենտրոնն «ապահովում է արբանյակային և հեռավոր տիեզերական կապի համակարգերի աշխատանքը», որոնք օգտագործվում են այդ թվում ՌԴ ուժային կառույցների շահերից ելնելով։

Source: https://news.am/hy/news/1046822