Վլադիվոստոկում 28-ամյա հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո: Ապագա մայրը միայն սալջարդեր է ստացել, իսկ երեխայի վիճակը գնահատվում է բավարար. հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից:

Կինը հղիության 30-րդ շաբաթում էր։ Նրա պատմելով՝ ինքը գիշերը չի կարողացել քնել և որոշել է սրբել պատուհանը։ Կանգնելով պատուհանագոգին՝ նա սայթաքել է և մեջքի վրա ցած ընկել յոթերորդ հարկի բարձրությունից։

Դեպքի վայր է վազել հարևանուհին, որը շտապօգնություն է կանչել։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 2:30-ին: Վերակենդանացման բրիգադը ժամանել է կանչից ինը րոպե անց։

Բժիշկները տուժածի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի բազմաթիվ քերծվածքներ և ցավոտություն որովայնի շրջանում: Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, տեղադրվել է Շանցի օձիք և բեկակալ՝ ոտքին, որից հետո նրան տեղափոխել են Վլադիվոստոկի թիվ 2 կլինիկական հիվանդանոց:

Հետազոտության արդյունքներով բժիշկները կնոջ մոտ ոչ մի կոտրվածք չեն հայտնաբերել։ Ախտորոշվել են միայն փափուկ հյուսվածքների սալջարդեր։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ չկա։

«Այն փաստը, որ կինը ողջ է մնացել նման բարձրությունից ընկնելուց հետո, արդեն իսկ կարելի է հրաշք անվանել: Սակայն հետազոտության արդյունքներն էլ ավելի զարմանալի էին. չնայած յոթերորդ հարկից ընկնելուն՝ բուժառուի մոտ ոչ մի կոտրվածք չի հայտնաբերվել»,- հայտնել են տարածաշրջանային Առողջապահության նախարարությունից։

Կինն ինքը հայտարարել է, որ երջանիկ է բարեհաջող ելքի համար և շնորհակալություն է հայտնել բժիշկներին օգնության համար։

«Երեխաս չի տուժել։ Ես շատ երջանիկ եմ, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, և որ ես ողջ եմ մնացել նման հսկայական բարձրությունից ընկնելուց հետո»,- պատմել է նա։

Source: https://news.am/hy/news/1049171