ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ հետագա քայլերը հարվածների նոր փուլից հետո, որը վտանգի տակ է դրել երկու երկրների միջև ժամանակավոր համաձայնագրի գործողությունը: Դրա մասին CNN հեռուստաալիքին հայտնել է ընթացիկ ռազմական քննարկումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյան:

Ըստ նրա՝ իրավիճակը մնում է «շատ դինամիկ», իսկ Վաշինգտոնը գնահատում է հետագա գործողությունների տարբերակներ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրների միջև փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», և հնարավոր էր համարել Իրանին մոտ ժամանակներս նոր հարվածները:

Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Թրամփը հայտնել է, որ դիտարկվող տարբերակների թվում կարող են լինել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ներառյալ էլեկտրակայանները և ջրի աղազրկման կայանքները, ինչպես նաև հնարավոր վերահսկողության սահմանումը Խարկ կղզու նկատմամբ:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ը ծովից և ցամաքից հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում տեղակայված իրանական օբյեկտներին: Արդյունքում, ինչպես պնդում է աղբյուրը, նվազեցվել են Օմանի ափերի մոտ գտնվող երթուղով ընթացող նավերի վրա հարձակվելու Իրանի հնարավորությունները:

Միաժամանակ, Իրանը շարունակում է սպառնալիքներ ստեղծել Հորմուզի նեղուցում նավագնացության համար՝ ռադիոկապով նախազգուշացնելով նավերին հնարավոր հարձակումների մասին, սակայն օրվա ընթացքում նավերին նոր հարվածներ չի հասցրել, նշել է պաշտոնյան:

Իրավիճակի սրումն ազդել է նաև ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի ծրագրերի վրա, որը տարածաշրջանում ԱՄՆ երկու ավիակիրներից մեկն է: Նավը նախատեսված ժամկետից մեկ օր շուտ է լքել նավահանգիստը՝ ծովում դիրք գրավելու և անհրաժեշտության դեպքում պաշտպանական ու հարձակողական առաջադրանքներ կատարելուն պատրաստ լինելու համար: Ըստ աղբյուրի՝ առաջիկա ժամերին ավիակիրը, առնվազն, պաշտպանական գործողություններ կապահովի տախտակամածային ավիացիայի օգտագործմամբ:

Source: https://news.am/hy/news/1048679