Գերմանական «Delivery Hero» սննդի և այլ ապրանքների առաքման ծառայությունը հայտարարել է ամերիկյան «Uber Technologies» ընկերության հետ միաձուլման համաձայնագիր կնքելու մասին։ Ինչպես նշվում է գերմանական ընկերության տարածած հաղորդագրության մեջ, գործարքի արժեքը գնահատվում է 13 միլիարդ եվրո։

Ըստ համաձայնագրի պայմանների՝ «Uber»-ը «Delivery Hero»-ի բաժնետերերին յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կառաջարկի 41,5 եվրո։ Այս առաջարկը 127% հավելավճար է ներառում՝ 2026 թվականի մայիսի 8-ին նախորդած երեք ամիսների ընթացքում բաժնետոմսերի միջին գնի նկատմամբ։ Գործարքին հավանություն են տվել «Delivery Hero»-ի դիտորդ խորհուրդն ու վարչությունը, որոնք պաշտոնական փաստաթղթերի հրապարակումից հետո մտադիր են բաժնետերերին խորհուրդ տալ ընդունել առաջարկը։ Միավորման արդյունքում կստեղծվի հարթակ, որը կգործի 99 երկրում։ «Delivery Hero»-ից հայտնել են, որ այս համատեղումը թույլ կտա արագացնել նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ընդլայնել ծառայությունների շրջանակը սննդի առաքման և արագ առևտրի ոլորտում։

«Uber»-ը պարտավորվել է առնվազն մինչև 2029 թվականը պահպանել «Delivery Hero»-ի գլխամասային գրասենյակը Բեռլինում և այդ ընթացքում քաղաքում աշխատողների կրճատումներ չանել։ Բացի այդ, ամերիկյան ընկերությունը մտադիր է հինգ տարվա ընթացքում 2 միլիարդ եվրո ներդնել Գերմանիայի տնտեսության մեջ՝ ներառյալ բիզնեսի զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու անօդաչու տրանսպորտի ոլորտում նախագծերի իրականացումը։ Միևնույն ժամանակ, «Delivery Hero»-ն առանձին հայտարարությամբ տեղեկացրել է, որ «SSW Partners» ներդրումային ընկերությունը 1,4 միլիարդ եվրոյով ձեռք կբերի իր ակտիվները 14 շուկաներում, որտեղ ընկերությունները մրցակցում են միմյանց հետ։ Սպասվում է, որ «Delivery Hero»-ի և «Uber»-ի միավորման գործընթացը կավարտվի 2027 թվականի երկրորդ կեսին՝ կարգավորող մարմինների կողմից անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո։

Source: https://news.am/hy/news/1050156