ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի չափավոր հանրապետականների խումբը սպառնացել է արգելափակել Իրանին առնչվող ռազմական ծախսերի ֆինանսավորման համար 88 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը, եթե վարչակազմը ամերիկյան զորքերը չվերադարձնի Լեհաստան, գրում է Politico պարբերականը։

Նախաձեռնողը կոնգրեսական Դոն Բեկոնն է, որն իր մի քանի կուսակիցների հետ միասին Սպիտակ տանը պահանջում է կատարել խոստումը և փոխարինել ամերիկյան 4200 զինծառայողներին, որոնք անցյալ ամիս անսպասելիորեն դուրս էին բերվել Լեհաստանից։

Բացի Իրանի դեմ ռազմական գործողության հետ կապված ծախսերից, օրինագիծը նախատեսում է նաև գյուղատնտեսությանն աջակցության և Էբոլա վիրուսի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորում։

Հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատում հանրապետականների չնչին մեծամասնությունը, դեմոկրատների կողմից սպասվող դիմադրությունը, ինչպես նաև ծախսերի ծավալից որոշ պահպանողականների դժգոհությունը՝ նույնիսկ երեք «դեմ» ձայնը կարող է վտանգի տակ դնել փաստաթղթի ընդունումը և լուրջ խնդիրներ ստեղծել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի համար։

Այս առճակատումը դարձավ հերթական դրսևորումն այն տարաձայնությունների, որոնք առկա են պաշտպանության ուժեղացմանը կողմնակից հանրապետականների և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև։ Վերջինս ձգտում է կրճատել ամերիկյան ռազմական ներկայությունը Եվրոպայում և կոչ է անում եվրոպական երկրներին սեփական ուժերով ավելի մեծ պատասխանատվություն կրել սեփական անվտանգության համար։

«Մենք ունեինք հինգ բրիգադ, հիմա մնացել է երեքը։ Դա անընդունելի է։ Եթե Սպիտակ տունը ցանկանում է ստանալ իմ ձայնն այս օրինագծի օգտին, ապա պետք է լուծի այս հարցը»,- հայտարարել է Դոն Բեկոնը՝ իրեն անվանելով անհամաձայնների խմբի ներկայացուցիչ։

Կոնգրեսական Բրայան Ֆիցպատրիկը պաշտպանել է Բեկոնի դիրքորոշումը և Պենտագոնից պահանջել բացատրել Եվրոպայում ռազմական ներկայության վերաբերյալ ԱՄՆ-ի բազմամյա քաղաքականության փոփոխությունը։

Մեկ այլ հանրապետական՝ Օսթին Սքոթը, հայտարարել է, որ անձամբ պաշտպանում է օրինագիծը, սակայն խոստովանել է, որ առանց Բեկոնի և Ֆիցպատրիկի ձայների փաստաթուղթը կարող է չստանալ անհրաժեշտ աջակցությունը։

Մայիսին Լեհաստանում ամերիկյան 4200 զինծառայողների տեղակայման անսպասելի չեղարկումը տարակուսանք էր առաջացրել Կոնգրեսի անդամների, ԱՄՆ բանակի հրամանատարության և լեհական իշխանությունների շրջանում։ Դրանից հետո Վարշավան Վաշինգտոն էր ուղարկել Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ նման որոշման պատճառները պարզելու համար։

Որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Լեհաստան ուղարկել հավելյալ 5000 զինծառայող՝ նախագահական ընտրություններում Կարոլ Նավրոցկիի հաղթանակից հետո, որին նա հրապարակայնորեն աջակցում էր։ Սակայն այսօրվա դրությամբ այդ ուժերը դեռևս չեն տեղափոխվել Լեհաստան։

Կոնգրեսական Ջո Ուիլսոնը հույս է հայտնել, որ օրինագիծն արգելափակելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ Պենտագոնը, ամեն դեպքում, կկատարի խոստումը և կվերականգնի ամերիկյան ռազմական ներկայությունը Լեհաստանում։

Source: https://news.am/hy/news/1046966