Ռուսաստանում վառելիքի սուր ճգնաժամի ֆոնին լցակայանների հերթերում թոշակառուների մահվան առնվազն երկու դեպք է արձանագրվել։ Լիսվա քաղաքում (Պերմի երկրամաս) հուլիսի 14-ի երեկոյան լցակայանում սպասելու ժամանակ 80-ամյա տղամարդ է մահացել, հայտնում է տեղական «Искра» պարբերականը: Ինչպես հայտնել են Պրիկամյեի առողջապահության նախարարությունից, ժամանած շտապօգնության բրիգադը վերակենդանացման միջոցառումներ է իրականացրել, սակայն թոշակառուի կյանքը փրկել չի հաջողվել: Մահվան նախնական պատճառ է արձանագրվել սրտային անբավարարությունը։

Ավելի վաղ Պետրոզավոդսկում (Կարելիայի Հանրապետություն) լցակայանի հերթում 75-ամյա վարորդ էր մահացել: Ինչպես հայտնում է ASTRA-ն՝ հղում անելով ականատեսներին, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հանրապետական հիվանդանոցի մոտ։ ՆԳՆ-ում հաստատել են մահվան փաստը, սակայն դրա պատճառը չեն հստակեցրել։

Հերթերում մահվան դեպքերը տեղի են ունենում վառելիքի համատարած դեֆիցիտի ֆոնին, որը համակել է ամբողջ Ռուսաստանը: Reuters-ի իրազեկ աղբյուրների տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանը զրկվել է իր նավթավերամշակման գործարանների հզորությունների շուրջ 40%-ից։ EA Analytics-ի գնահատմամբ՝ հուլիսին նավթավերամշակման ծավալը նվազել է օրական մինչև 3,91 միլիոն բարելի, ինչը նվազագույն մակարդակն է 2005 թվականից ի վեր և 27%-ով ցածր է, քան նախորդ տարի։ Energy Intelligence-ի վերլուծաբաններն արտադրությունն էլ ավելի ցածր են գնահատում՝ օրական 3,58 միլիոն բարել, ինչը կարող է դառնալ նվազագույնը 2002 թվականից ի վեր։

Ներկայում, Energy Intelligence-ի տվյալներով, Ռուսաստանում պարապուրդի մեջ են գտնվում օրական շուրջ 3,1 միլիոն բարել ընդհանուր արտադրողականությամբ հզորություններ, իսկ նավթամթերքի ամսական դեֆիցիտը գնահատվում է 400-600 հազար տոննա։ Վառելիքի վաճառքի պաշտոնական սահմանափակումներ են մտցվել ավելի քան 40 տարածաշրջանում, սակայն, The Insider-ի հաշվարկներով, տարբեր լիմիտներ ու արգելքներ փաստացի գործում են Ռուսաստանի գրեթե բոլոր սուբյեկտներում, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում։

Source: https://news.am/hy/news/1050241