Ռումինիայի արտգործնախարարի հանձնարարականով Բուխարեստում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնակայան: Դրա մասին ասվում է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կանչը կոշտ պատասխան էր 2026 թվականի հուլիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում Ռումինիայի օդային տարածքի պարբերական խախտումներին, որոնց ընթացքում ռումինական զինված ուժերը երկրի օդային տարածք ապօրինաբար թափանցած երեք անօդաչու թռչող սարք են խոցել:
Ռուսաստանցի դիվանագետին ներկայացվել են Ռումինիայի տարածքում ոչնչացված անօդաչու թռչող սարքի բեկորները, որոնց ռուսական ծագումը հաստատել է դատախազությունը:
Հանդիպման ընթացքում ռումինական կողմը վճռական բողոք է հայտնել ընդդեմ այդ ապօրինի և անպատասխանատու գործողությունների: Ընդգծվել է, որ լիովին անընդունելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը նաև ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության օդային տարածք է: Ռումինական կողմն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ պատասխանատվություն է կրում այդ լուրջ միջադեպերի և անվտանգության ոլորտում տարածաշրջանային իրավիճակի վատթարացման համար:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի դեսպանին է հանձնվել պաշտոնական նոտա, որը ծանուցում է Բուխարեստում Ռուսաստանի Դաշնության առաքելության անդամին «անցանկալի անձ» հայտարարելու որոշման մասին՝ պահանջելով 5 օրվա ընթացքում լքել Ռումինիայի տարածքը:
Բացի դրանից, Արտաքին գործերի նախարարությունը Բուխարեստ է հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Ռումինիան կշարունակի սերտորեն համակարգել իր գործողությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի իր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հավատարիմ մնալով ազգային անվտանգության և իր քաղաքացիների պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների ձեռնարկմանը»,- նշել են Ռումինիայի ԱԳՆ-ում:
Source: https://news.am/hy/news/1051955