Աշխարհի կենտրոնական բանկերն առաջին անգամ մտադիր են առաջիկա տասնամյակի ընթացքում ավելի շուտ կրճատել դոլարի մասնաբաժինն իրենց միջազգային պահուստներում, քան ավելացնել այն։ Այս մասին են վկայում OMFIF վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակել է Reuters գործակալությունը:
Տրամադրությունների փոփոխությունը պայմանավորված է ամերիկյան արժույթի հետ կապված քաղաքական ռիսկերի աճով, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական համակարգի՝ դեպի ավելի բազմաբևեռ մոդելի անցման սպասումներով։ Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկերը ծրագրում են ավելացնել ոսկու մեջ ներդրումները և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք այլ պահուստային արժույթների նկատմամբ, ներառյալ բրիտանական ֆունտը, նորվեգական կրոնը և նորզելանդական դոլարը:
Հետազոտությանը մասնակցել է 90 կենտրոնական բանկ, պետական կենսաթոշակային և ինքնիշխան հիմնադրամ, որոնց կառավարման ներքո գտնվում են շուրջ 10 տրիլիոն դոլարի ակտիվներ։ Հարցված կենտրոնական բանկերի ավելի քան երկու երրորդը նաև հայտնել է առաջիկա տարիներին իրենց գործունեության մեջ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու մտադրության մասին։
Source: https://news.am/hy/news/1046829