Իսրայելի կառավարության որոշումը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ միաձայն հավանության էր արժանացել հունիսի վերջին, սակայն Քնեսեթում քվեարկությունն այդպես էլ չկայացավ կուլիսներում ծավալված քաղաքական և դիվանագիտական պայքարի պատճառով: Ինչպես գրում է իսրայելական «Մաարիվ» պարբերականը, ի հեճուկս այն գնահատականների, ըստ որոնց գործընթացն արգելափակվել է վարչապետի աշխատակազմի անմիջական միջամտությամբ, այդ հարցում առանցքային դեր են խաղացել ուլտրաօրթոդոքս կուսակցությունները, որոնք Քնեսեթում գործի են անցել Ադրբեջանի ներկայացուցիչների դիմումներից հետո:
«Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտգործնախարար Գիդեոն Սաարի առաջարկին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին: Կառավարության բանաձևում ամրագրված էր, որ Իսրայել Պետությունը ճանաչում է Օսմանյան կայսրության մայրամուտին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը, ինչպես նաև դատապարտում է պատմական ճշմարտությունը հերքելու, նվաստացնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ:
Դեռևս մինչև որոշման հաստատումը Բաքվում հստակ հասկացնել էին տվել, որ դեմ են այդ քայլին: Ինչպես հայտնի է դարձել «Մաարիվ»-ին, կառավարության նիստից երկու օր առաջ՝ հունիսի 26-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև: Զրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ հարաբերություններին, ինչպես նաև խաթարել երկրների միջև հաշտեցման ջանքերը, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի առաջ մղվող խաղաղության ծրագրի մաս են:
Source: https://news.am/hy/news/1050813