Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի որոշ բանկեր դադարեցրել են կանխիկ ռուբլով գործարքները, այդ թվում՝ դրանք հաշիվներին մուտքագրելը։ Նշվում է, որ անկանխիկ հաշվարկները միաժամանակ շարունակում են իրականացվել նախկին պայմաններով։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ենթադրել է, որ նման գործընթացները կարող են տեղավորվել արժութային շուկայում վերահսկողության շրջանակներում՝ պարզաբանելով, որ Հայաստանի Կենտրոնական բանկը լիազորված է նման որոշումներ ընդունել։
«Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել նման հնարավոր որոշումների նպատակները։ Ենթադրում եմ, որ դրանք կարելի է դիտարկել ռիսկերի վերահսկման համատեքստում։ Սովորաբար նման միջոցներ ձեռնարկվում են արժութային շուկայում ռիսկերի ժամանակ՝ անկայունության սպառնալիքի, կամ փողերի լվացման սպառնալիքի, կամ ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիքի դեպքում։ Սովորաբար կենտրոնական բանկերին վերը նկարագրվածի շրջանակում թույլատրվում է նման սահմանափակումներ մտցնել», — նշել է Մանասերյանը։
Նա ենթադրել է, որ նման քայլերը կարող են ունենալ նաև քաղաքական ենթատեքստ և թելադրված լինել արևմտյան կառույցների կամքով։ «Բոլոր երկրների կենտրոնական բանկերը գտնվում են Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի մոնիթորինգի ներքո և չեն կարող իրենց գործողությունները հակադրել այս միջազգային ֆինանսական հաստատությունների ցուցումներին», — ավելացրել է փորձագետը։
Նա չի բացառել, որ նման միջոցները կարող են ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանից տրանսֆերտների հոսքի վրա։
Մանասերյանը նկատել է, որ Հայաստանի տնտեսության աճող մասնաբաժնի զգալի մասը բաժին է ընկնում զբոսաշրջիկներից ստացվող եկամուտներին՝ մեծամասամբ ռուս զբոսաշրջիկներից, ինչն էլ ապահովում է կանխիկ արտարժույթի ներհոսքը։ Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել զբոսաշրջային հոսքերի ազդեցությունը երկրի զբաղվածության ոլորտի վրա։
Source: https://news.am/hy/news/1048637