Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը հունիսի 28-ին արտգործնախարար Գիդեոն Սաարը ներկայացրեց որպես բարոյական և պատմական արդարության վաղուց հասունացած ակտ: Սակայն նման ձևակերպումը թաքցնում է այն, ինչի մասին խոսում է հենց այդ որոշման ընդունման ժամանակը, գրում է Ֆրանկֆուրտի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (PRIF) ավագ գիտաշխատող Էլդադ Բեն-Ահարոնը:
Ճանաչումը տեղի ունեցավ այն ֆոնին, երբ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ իսրայելցի քաղաքական գործիչներ և ազգային անվտանգության համայնքի ներկայացուցիչներ սկսեցին Թուրքիան անվանել «նոր Իրան», թեև ոմանք վիճարկում են այդ բնութագրումը:
1915 թվականի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ծառայում է նաև որպես ռազմավարական հակամիջոց՝ ի պատասխան 2024 թվականից ի վեր Անկարայի ակտիվացած իրավական և դիվանագիտական արշավի, որն ուղղված է Իսրայելը որպես միջազգային իրավունքի խախտող ներկայացնելուն։ Այդ արշավը նպաստեց Գազայի պատերազմից հետո Իսրայելի միջազգային դիրքերի վատթարացմանը:
Նեթանյահուի 2025 թվականի «փորձնական քայլը». Հայոց ցեղասպանության ճանաչման արձագանքի ստուգում
2025 թվականի օգոստոսի 26-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցեց PBD Podcast-ին: Այն հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նա նախ հայտարարեց, թե Քնեսեթն արդեն ընդունել է համապատասխան օրինագիծը: Դա միայն մասամբ էր ճիշտ. ինքը՝ Նեթանյահուն և նրա դաշնակիցները նախկինում բազմիցս արգելափակել էին նմանօրինակ օրինագծերը:
Երբ հաղորդավարը հարցրեց նրա անձնական դիրքորոշման մասին, Նեթանյահուն պատասխանեց. «Ես հենց նոր դա արեցի: Ահա, խնդրեմ»: Այդ նկատառումը հայտնվեց համաշխարհային մամուլի գլխավոր էջերում: Բայց դրան ոչինչ չհաջորդեց՝ ո՛չ ինստիտուցիոնալ հայտարարություններ, ո՛չ էլ քաղաքականության փոփոխություն: Հայաստանն այդ քայլն անվանեց պոպուլիստական:
Փոդքաստում հպանցիկ արված հայտարարությունը պաշտոնական ճանաչում չէր: Դա լավագույն դեպքում «փորձնական քայլ» էր նրանից առաջ, ինչ տեղի ունեցավ հետո:
2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի Նախարարների կաբինետը միաձայն քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Թե՛ հանցագործին, թե՛ զոհին պաշտոնապես անվանելու որոշումը հիացական վերնագրեր առաջացրեց մամուլում: Ի տարբերություն փոդքաստում Նեթանյահուի ռեպլիկի, դա պետական կուրսի իրական փոփոխություն էր:
Բայց այդ քայլը կատարում էր նաև այլ կարևոր գործառույթներ:
Թեև Իսրայելից արտգործնախարար Գիդեոն Սաարը ճանաչումը բնութագրեց որպես բարոյական ակտ՝ հայտարարելով, որ «ճիշտ վարվելու համար երբեք ուշ չէ», այն նաև հետապնդում էր ռազմավարական նպատակ: Այս որոշման ավելի ամբողջական ընթերցումը ցույց է տալիս Հայոց ցեղասպանության հիշողության գործիքավորումը՝ որպես հակամիջոց Թուրքիայի դեմ՝ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին:
Ընդսմին, Հայոց ցեղասպանության ճանաչումը դիվանագիտական քարտ էր, որը կարելի էր խաղարկել միայն մեկ անգամ: Թեև որոշումը դեռ սպասում է Քնեսեթի ֆորմալ վավերացմանը (քվեարկությունը հետաձգվել է 2026 թվականի հոկտեմբերի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի համար), Նախարարների կաբինետի միաձայն վճիռն արդեն հանգեցրել է Թուրքիայի հետ հետագա քաղաքական և դիվանագիտական խզմանը:
Source: https://news.am/hy/news/1050759