Նիկարագուայի իշխանությունները հայտնել են Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Ինչպես հաղորդում է EFE-ն, որոշման մասին նշվում է Նիկարագուայի կառավարության մամուլի հաղորդագրությունում:
«Այս որոշումն ընդունվել է ի պատասխան Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի անհիմն, ագրեսիվ և անպատասխանատու հայտարարությունների, որը վիրավորել է Նիկարագուայի ժողովրդին ու իշխանություններին՝ արհամարհելով ժողովուրդների և կառավարությունների միջև հարաբերություններում հարգանքի բոլոր նորմերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հարաբերությունների սրումը տեղի է ունեցել, երբ Տայանին կրկին դիմել է Իտալիայի նախկին վարչապետ Ալդո Մորոյի սպանողներից մեկին՝ ահաբեկիչ Ալեսիո Կասիմիրիին արտահանձնելու խնդրանքով, որը երկար տարիներ թաքնվում է Նիկարագուայում:
Նախօրեին Մադրիդում Տայանին հարգել է 1978 թվականին «Կարմիր բրիգադներ» խմբավորման անդամների սպանած Մորոյի հիշատակը և դատապարտել Նիկարագուայի իշխանություններին՝ Կասիմիրիին շարունակաբար ապաստան և պաշտպանություն տրամադրելու համար: Նախարարը հավելել է, որ Նիկարագուայի կառավարությունը հրաժարվում է կատարել իտալական կողմի ներկայացրած արտահանձնման հարցումները։
Source: https://news.am/hy/news/1050247