Ավելի քան 800 ֆունտ (մոտ 360 կիլոգրամ) գետնանուշի մածուկ՝ մի քանակություն, որը կբավականացներ մոտ 15 հազար բուտերբրոդի համար, տարածվել է Նիդերլանդների թանգարաններից մեկի հատակին՝ ի հիշատակ անցյալ ամիս կյանքից հեռացած հոլանդացի նկարիչ, կատակերգու, հեռուստատեսային ռեժիսոր և հնչյունավորող Վիլեմ Թեոդոր Շիպերսի, գրում է Associated Press-ը:
Pindakaasvloer («Հատակ գետնանուշի մածուկից») ինստալյացիան, որը նկարիչն առաջին անգամ ստեղծել էր 1969 թվականին, հինգշաբթի կրկին ներկայացվել է հանրությանը Ռոտերդամի Museum Boijmans Van Beuningen թանգարանի Depot մասնաճյուղում: Ցուցահանդեսը կտևի երկու ամիս:
Շիպերսը, որը մահացել է 83 տարեկան հասակում, Նիդերլանդների ամենահայտնի նոնկոնֆորմիստներից մեկն էր։ Բացի նկարչական գործունեությունից, նա նաև հնչյունավորել է Էրնիին և Քերմիթին «Սեզամ փողոց» հաղորդման հոլանդական տարբերակում և ստեղծել աբսուրդիստական ստեղծագործություններ, որոնք կասկածի տակ էին դնում արվեստի բնույթի մասին ավանդական պատկերացումները:
«Մի՞թե ֆանտաստիկ չէ, որ մենք բոլորս կանգնած ենք այստեղ և նայում ենք գետնանուշի մածուկին»,- ասել էր Սխիպերսը լրագրողներին 1997 թվականին, երբ աշխատանքը ստեղծումից հետո առաջին անգամ ցուցադրվել էր Ուտրեխտի Կենտրոնական թանգարանում:
Ինստալյացիան ստեղծվել է Floor Covering Series նախագծի շրջանակում, որում նաև ապակու բեկորներով և աղով պատված հատակներով աշխատանքներ էին ներառված:
Ստեղծագործության առանձնահատկություններից մեկը դարձավ դրա հոտը՝ մի բուրմունք, որը հիշեցնում է նախաճաշերի և դպրոցական լանչերի մասին: Բացման ժամանակ թանգարանի աշխատակիցներն այցելուներին առաջարկում էին «հետևել հոտին», որը տարածվում էր դրամարկղային գոտուց՝ ինստալյացիայի գտնվելու վայրից երեք հարկ ցած:
Աշխատանքի ստեղծման համար թանգարանի երկու աշխատակից մի քանի օր շարունակ 40 դույլերից գետնանուշի մածուկը քսել են 25 քառակուսի մետր մակերեսով վեցանկյուն հարթակի վրա։ Նրանք օգտագործել են շինարարական ծեփաթիակներ՝ մածուկի մոտ 2 սանտիմետր հաստությամբ շերտը տարածելու համար:
Մահից առաջ Շիպերսը թանգարանի հետ ստեղծագործության ապագա վերականգնման 20 կետից բաղկացած համատեղ ծրագիր էր մշակել: Ըստ հրահանգի՝ գետնանուշի մածուկը պետք է քսել «որքան հնարավոր է հարթ և ձանձրալի», իսկ այցելուները չպետք է կանգնեն կամ պառկեն ինստալյացիայի մակերեսին:
Նկարիչը չէր սահմանել աշխատանքի հստակ չափսերը կամ ձևը, սակայն պնդել էր, որ պետք է օգտագործվի հենց հարթ գետնանուշի մածուկ: Նա նախապատվությունը տալիս էր հոլանդական Calvé ապրանքանիշին, որը ցուցահանդեսի համար արտադրանքի 40 տուփ էր տրամադրել:
Ինստալյացիան նախկինում արդեն դարձել էր արտասովոր իրավիճակների թիրախ: 2011 թվականին մի քանի այցելուներ պատահաբար կանգնել էին ծածկույթի վրա: Իսկ 1997 թվականին աշխատանքը «ձևափոխել» էին մարդիկ. նրանք հատակին տեղադրել էին 12 կտոր հաց և հոլանդական hagelslag շոկոլադե փոշու մի քանի փաթեթ, որը Նիդերլանդներում նախաճաշի հանրահայտ մթերք է:
Այն ժամանակ Շիպերսը հանգիստ էր արձագանքել՝ Volkskrant պարբերականին հայտնելով. «Վատ տեսք չունի: Շոկոլադե փոշին շաղ է տրվել չափի զգացումով և հմուտ ձեռքով»։
Source: https://news.am/hy/news/1048974