Մոնակոյի իշխան Ալբեր II-ը հունիսի 30-ին դատապարտել է երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել։

«Մոնակոյում տեղի ունեցած հանցավոր պայթյունը ցնցում էր իշխանության բոլոր բնակիչների համար», — ասված է պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է իշխանական պալատի ինստագրամյան էջում։

Բացի այդ, իշխանն իր կարեկցանքն է հայտնել տուժածներին, ինչպես նաև բարձր է գնահատել հասարակական անվտանգության ծառայությունների աշխատանքը։ Ալբեր II-ն ընդգծել է, որ կառավարության կարգադրությամբ մոբիլիզացվել են Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցող պետական բոլոր համապատասխան ծառայությունները։

Մոնակոյում պայթյունը, որի հետևանքով երեք մարդ է տուժել, տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Հստակեցվում է, որ տեսահսկման խցիկներն արձանագրել են մի տղամարդու, ով ուսապարկը թողել է շենքի մուտքի մոտ այն պահին, երբ այլ մարդիկ ներս էին մտնում: Մոնակոյի պայթյունից տուժածներից մեկը ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևն է։

Դեպքի հետ կապված՝ Մոնակոյում հայտարարվել է հանցագործների որոնման հատուկ («կարմիր») մակարդակ: Երկրի բոլոր մուտքերն ու ելքերը գտնվում են ուժեղացված հսկողության տակ, քննչական գործողությունները շարունակվում են։

Source: https://news.am/hy/news/1046834