Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են «Ռիբար» ռազմավարլուծական նախագծի աշխատակիցների, ինչպես նաև Ռուսաստանի 14 քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին, քանի որ պաշտոնական Լոնդոնը կապում է նրանց Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ/ГРУ) գործունեության հետ և մեղադրում Միացյալ Թագավորության դեմ իրականացվող կիբերգործողություններին առնչություն ունենալու մեջ։
Բրիտանական կառավարության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ սահմանափակումների տակ են հայտնվել «Ռիբար» նախագծի տասը ղեկավարներ և աշխատակիցներ։ Բրիտանական իշխանությունների վարկածով՝ նրանք ենթադրաբար ներգրավված են այնպիսի գործողություններում, որոնք «խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը կամ անկախությանը»։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ 14 քաղաքացիների դեմ, որոնց Մեծ Բրիտանիան համարում է ԳՀՎ-ի հետ կապված անձինք և պատասխանատու երկրի դեմ իրականացված ենթադրյալ կիբերհարձակումների համար։
Սահմանափակող միջոցները նախատեսում են ակտիվների սառեցում, Մեծ Բրիտանիա մուտքի արգելք, թրաստային ու ինտերնետային ծառայությունների մատուցման սահմանափակումներ, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արգելք։
Ավելի վաղ՝ 2025 թվականի աշնանը, Լոնդոնն արդեն պատժամիջոցներ էր սահմանել հենց «Ռիբար» նախագծի և դրա ղեկավար Միխայիլ Զվինչուկի նկատմամբ։
«Ռիբար» ռազմավերլուծական կենտրոնն ու համանուն տելեգրամյան ալիքը լուսաբանում են, մասնավորապես, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը։ 2024 թվականին ԱՄՆ Պետքարտուղարությունը մեղադրել էր նախագծին ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ և մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում սահմանել այն տեղեկատվության համար, որը թույլ կտա պարզել դրա հետ կապված անձանց ինքնությունը կամ գտնվելու վայրը։
Source: https://news.am/hy/news/1049510