ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Գերմանիային մեծ հեռահարության Tomahawk թևավոր հրթիռների վաճառքը, հայտնել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է AFP-ն։

«Մենք ամերիկյան կառավարության հետ համաձայնեցրել ենք Tomahawk հրթիռների գնումը և դրանց տեղակայումը Գերմանիայում», — հայտարարել է Մերցը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա «փակել երկրի պաշտպանության կարևոր ռազմավարական բացը»։

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի պաշտպանության նախարարներն արդեն ստորագրել են մտադրությունների մասին նամակ։ Վաշինգտոնը պարտավորվել է մինչև օգոստոս տրամադրել հրթիռների և Typhon ցամաքային արձակման կայանքների մատակարարման վերջնական թույլտվությունը։ Գնվող հրթիռների քանակը չի բացահայտվում։

Tomahawk-ները կարող են խոցել թիրախներ ավելի քան 1 600 կիլոմետր հեռավորության վրա։ Սովորաբար այս հրթիռները արձակվում են նավերից և սուզանավերից, սակայն Գերմանիան կստանա նաև ցամաքային արձակման կայանքներ։

Բեռլինը մեծ հեռահարության թևավոր հրթիռների տեղակայումը դիտարկում է որպես Ռուսաստանի զսպման ռազմավարության կարևոր տարր։ Գերմանիայի իշխանությունները նշում են, որ Եվրոպայում առայժմ չկան Tomahawk-ի համեմատելի հեռահարությամբ և հնարավորություններով անալոգներ, ուստի եվրոպական ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են կախված մնալ ամերիկյան սպառազինությունից։

Միաժամանակ Գերմանիան մտադիր է մասնակցել սեփական եվրոպական մեծ հեռահարության բարձր ճշգրտության սպառազինության համակարգի ստեղծմանը։ Նախօրեին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ եվրոպական ՆԱՏՕ-ի 12 երկրներ, ներառյալ Գերմանիան, առաջիկա տասնամյակում մոտ 50 միլիարդ դոլար կներդնեն նման սպառազինության մշակման մեջ։ Գերմանական կողմի տվյալներով՝ Բեռլինը նախատեսում է ֆինանսավորել այդ գումարի մոտ կեսը։

Դեռ մայիսին Ֆրիդրիխ Մերցը չէր բացառել, որ Գերմանիայում Tomahawk-ների տեղակայման ծրագրերը կարող են չեղարկվել՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին ամերիկյան սպառազինության պաշարների կրճատման պատճառով։ Սակայն այժմ կողմերը հաստատել են, որ գործարքը տեղի կունենա։

Source: https://news.am/hy/news/1048911