Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, 34-ամյա Վանիկ Բ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը դեպքի վայրում նշում էր, որ վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են նաև նշված ավտոմեքենան, որը վարել է 57-ամյա Կարապետ Մ․-ն։

Source: https://news.am/hy/news/1048567