Իրանի հարավին ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ութ զինծառայող. այս մասին հայտնել են իրանական բանակի մամուլի ծառայությունից:
Ըստ հայտարարության՝ զոհվածների թվում են Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողներ, որոնք գտնվել են Բանդար Աբասի և Բուշեհրի շրջաններում: Բանակից հայտնել են, որ նրանք զոհվել են երկրի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ կատարելիս՝ արկերի հարվածի հետևանքով:
Հաղորդագրության մեջ թվարկվել են զոհված զինծառայողների անունները՝ կապիտան Ալի Մոինի՝ Բուշեհրի շահիդ Յասինիի անվան բազայից, կրտսեր լեյտենանտներ Ալի Մեհդիզադե և Համեդ Դորայ, ավագ սերժանտներ Ամիրհոսեյն Ղասեմի, Ալիրեզա Զարեի Սանի և Ալիրեզա Բալիդե՝ Բանդար Աբասի շահիդ Աբդուլքարիմիի անվան բազայից, ինչպես նաև ռազմածովային ուժերի զինծառայողներ Շահաբ Օմեյդի Բազին և Մոհամմադ Ջավադ Ռավանֆարը:
Իրանական բանակը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է ագրեսիա և հայտարարել է, որ կշարունակի դիմակայել հակառակորդին: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ զինծառայողների մահվան համար պատասխան հարված կհասցվի:
Source: https://news.am/hy/news/1048675