Հայաստանը տոմատի մածուկիներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի նիստում։

Սահմանափակումը գործելու է վեց ամիս ժամկետով։ Արգելքը տարածվում է նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից նշված ապրանքատեսակի վրա։

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է լոլիկի մածուկ ներմուծող տնտեսվարողների և տեղական հումքով լոլիկի մածուկ արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կարգավորելու անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ հայկական ծագման կարանտինային ապրանքների արտահանման և տարանցման վրա դրված սահմանափակումների պատճառով մրգերի ու բանջարեղենի, այդ թվում՝ ջերմոցային լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են։ Արդյունքում՝ արտահանվող ջերմոցային լոլիկի զգալի մասն այժմ իրացվում է ներքին շուկայում, ինչն էլ հանգեցնում է բաց դաշտում աճեցված լոլիկի պահանջարկի նվազմանը։

Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում տեղական արտադրության լոլիկի մածուկի վաճառքի ծավալները կավելանան, լոլիկի պահանջարկը կբարձրանա, ինչի շնորհիվ էլ կապահովվի աճեցված բերքի մթերումը։

Source: https://news.am/hy/news/1052405