Գերմանիայում խարդախները կոտրել են Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի ֆինանսների նախկին նախարար Ռայներ Վիգարդի ֆեյսբուքյան էջը։ Էջը վերանվանել են Snow Highmountains, քաղաքական գործչի լուսանկարը փոխարինել են կնոջ նկարներով, այնուհետև սկսել են նրա անունից նամակներ գրել օգտատերերին։
Վիգարդի հետ շփվող ֆեյսբուքյան ընկերների թվում եղել են հայտնի քաղաքական գործիչներ, ներառյալ՝ երկրամասի վարչապետ Դանիել Գյունտերը, ուստի էջը կարող էր հատկապես վստահելի տեսք ունենալ։
Սխեման հիշեցնում էր դասական «ռոմանտիկ խարդախությունը» (love scam). զոհին գրում են իբրև թե ռոմանտիկ հետաքրքրվածությամբ, աստիճանաբար շահում են վստահությունը, իսկ հետո գումար խնդրում՝ հրատապ խնդրի պատրվակով։ Շլեզվիգ-Հոլշտայնի ոստիկանությունից զգուշացրել են, որ հայտնի մարդկանց կամ կազմակերպությունների էջերը հատկապես գրավիչ են հանցագործների համար։
Ինքը՝ Վիգարդը, իր պատմելով, վաղուց չէր օգտվել Facebook-ից և կոտրվելու մասին իմացել է միայն Bild պարբերականի հարցումից հետո։ Նախկին նախարար դիմում է ներկայացրել ոստիկանություն։
Source: https://news.am/hy/news/1049778