Ես հանձնարարել եմ ազատել մանկապարտեզներից մեկի տնօրենին։ Այս մասին կառավարության հուլիսի 9-ի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ մանկապարտեզ այցելելիս տեսել են, որ զուգարանակոնքերի նստատեղերը կամ կոտրված են, կամ վնասված, իսկ սանտեխնիկան գտնվում է վատ սանիտարահիգիենիկ վիճակում։ «Երբ խոսքը նոր մանկապարտեզի մասին է, սա հատկապես անընդունելի է», - հավելեց Փաշինյանը։

Նա նախազգուշացրեց, որ չհայտարարված այցեր է կատարելու ուսումնական և բժշկական հաստատություններ, ինչպես նաև զորամասեր։ «Ես ավելի շատ չպլանավորված այցեր եմ կատարելու, քան պլանավորված», - նշեց վարչապետը՝ պարզաբանելով, որ նման իրավիճակների համար պատասխանատու մարդիկ ազատվելու են աշխատանքից։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե կոնկրետ մարզում կամ համայնքում նման երևույթը կրկնվի մի քանի վայրերում, ապա խոսքը կվերաբերի արդեն պատասխանատու պաշտոնյաներին, քանի որ «այդպիսի մարդիկ երբեմն միտումնավոր, երբեմն ոչ միտումնավոր խեղաթյուրում են Կառավարության քաղաքականությունը»։

Source: https://news.am/hy/news/1048818