Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին. «Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։

Source: https://news.am/hy/news/1050811