Եվրոպական Միության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ալբանիայի և Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մի քանի գլուխների փակումը: Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԵՄ Խորհրդում Իռլանդիայի նախագահությունը:
Չեռնոգորիայի մասով հավանության է արժանացել 8-րդ՝ «Մրցակցության քաղաքականություն» և 29-րդ՝ «Մաքսային միություն» գլուխների փակումը: Այդ քայլը հաստատում է երկրի կարգավիճակը՝ որպես Բալկաններում թեկնածու պետությունների շրջանում առաջատարներից մեկի:
Ներկա պահին Չեռնոգորիան նախնական կարգով փակել է բանակցային 33 գլուխներից 15-ը և համարվում է Եվրոպական Միությանն անդամակցելու հարցում ամենամեծ առաջընթացն ունեցող թեկնածուն:
Ալբանիայի համար բանակցային գլուխների փակման մասին որոշումն ընդունվել է առաջին անգամ: Խոսքը վերաբերում է 25-րդ՝ «Գիտություն և հետազոտություններ», 26-րդ՝ «Կրթություն և մշակույթ» և 30-րդ՝ «Արտաքին հարաբերություններ» գլուխներին:
Առանձին գլուխների փակումը նշանակում է կոնկրետ ուղղություններով բանակցությունների ավարտ, սակայն չի հանդիսանում երկրների վերջնական անդամակցում ԵՄ-ին. գործընթացը շարունակվում է մինչև բոլոր բաժինների համաձայնեցումը և անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը:
Source: https://news.am/hy/news/1049182