Եվրոպական միության խորհուրդը հայտարարել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին։ Խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ երկրի դիմակայունությունը բարձրացնելու և անվտանգային նոր մարտահրավերներին արձագանքելու հարցում։ Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ։

«2026 թվականի ապրիլի 21-ին պաշտոնապես հաստատված առաքելությունը կնպաստի հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում Հայաստանի ներուժի զարգացմանը, ներառյալ՝ կիբերհարձակումները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը։

Մասնավորապես, «EUPM Armenia»-ն ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձաքննություն և աջակցություն կտրամադրի Հայաստանի պետական տարբեր կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։ Բացի այդ, առաքելությունը կնպաստի նմանատիպ սպառնալիքներին արձագանքելու համալիր միջգերատեսչական մոտեցման ձևավորմանը։

Բացի խորհրդատվական աշխատանքից, առաքելությունը կցուցաբերի նաև գործնական օպերատիվ աջակցություն և կստեղծի հատուկ նախագծային խումբ՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ իր մանդատով նախատեսված նպատակային միջոցառումներ իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ «EUPM Armenia»-ն չի օժտվելու գործադիր լիազորություններով և չի մասնակցելու Հայաստանի իշխանությունների որոշումների կայացմանը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասն իր հերթին հայտարարել է, որ նոր առաքելությունը Հայաստանին ցուցաբերվող համալիր աջակցության մի մասն է։

«Անցած շաբաթ Եվրամիությունը ներկայացրել է Հայաստանին տնտեսական և քաղաքական աջակցության լայնածավալ փաթեթը, որպեսզի օգնի երկրին դիմակայել Ռուսաստանի ճնշումներին։ Այսօր մենք տեղում ծավալում ենք ԵՄ նոր առաքելությունը։ Եվրոպացի փորձագետները կօգնեն Հայաստանի իշխանություններին պայքարել կիբերսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ։ ԵՄ-ն հանդիսանում է կայուն ու անկախ Հայաստանի, ինչպես նաև սեփական ապագան ինքնուրույն որոշելու հայ ժողովրդի իրավունքի գլխավոր ջատագովը։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը մեն-մենակ չմնա արտաքին հարկադրանքի դեմ», — հայտարարել է Կալասը։

Առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և երկրի ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵՄ ավելի լայն ռազմավարության մի մասն է. դրա գործունեությունը կաջակցի պետության և ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուժեղացմանը միտված կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներին։

«EUPM Armenia»-ն կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, մասնագիտացված փորձաքննություն և կնպաստի պետական կառույցների զարգացմանը՝ օգնելով Հայաստանին ավելի արդյունավետ կերպով կանխարգելել, հայտնաբերել և հետ մղել հիբրիդային սպառնալիքները՝ երկրի ինքնիշխանության լիակատար հարգմամբ։

Առաքելության սկզբնական մանդատը նախատեսված է երկու տարվա համար, իսկ անձնակազմի հիմքը կկազմեն Եվրոպական միության անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետները։

2026 թվականի հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Ջորջ Դինեսկուն, ով նախկինում գլխավորել է բաև Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ առաջին գործընկերային առաքելությունը։

«EUPM Armenia» գործընկերային առաքելությունը դարձել է ԵՄ երկրորդ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ Այն գործելու է 2023 թվականին հաստատված ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMA) անկախ, որի գործառույթը տեղում իրավիճակի մոնիթորինգն է, վստահության մթնոլորտի ամրապնդումն ու բնակչության անվտանգության ապահովումը։

Source: https://news.am/hy/news/1049521