Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել Ղազախստանի առաջարկին՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը երկարաձգել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս արտադրված ապրանքների փոխադրման համար նավիգացիոն կնիքների օգտագործման ժամկետը: Դրա մասին հայտնել են Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունից՝ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի մասնակցությամբ ԵՏՀ խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։

Նախկինում գործող կանոններով՝ 2026 թվականի սեպտեմբերի 7-ից ԵԱՏՄ երկրների օպերատորները պետք է օգտագործեին բացառապես միության տարածքում արտադրված նավիգացիոն կնիքներ։ Սակայն Ղազախստանը դիմել էր այս նորմի ուժի մեջ մտնելը հետաձգելու խնդրանքով։

Կառավարությունից պարզաբանել են, որ ԵԱՏՄ երկրների արտադրական կարողությունները դեռևս ի վիճակի չեն ամբողջությամբ ապահովելու նման կնիքների նկատմամբ Ղազախստանի պահանջարկը։ Բացի դրանից, սեփական արտադրության գործարկումը ժամանակ է պահանջում, իսկ արդեն օգտագործվող սարքերի վաղաժամ փոխարինումը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի։

Նավիգացիոն կնիքների օգտագործմամբ միջազգային բեռնափոխադրումների համակարգը ԵԱՏՄ երկրներում սկսել է գործել 2026 թվականի փետրվարից։ Դրա նպատակն է՝ պարզեցնել բեռների անցումը միության ներքին սահմաններով։ Կնիքները թույլ են տալիս իրական ժամանակում հետևել բեռների տեղաշարժին և բացառում են տրանսպորտային միջոցների բացման անհրաժեշտությունը ԵԱՏՄ անդամ պետությունների միջև սահմանները հատելիս։ Միության երկրներից յուրաքանչյուրում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, գործում է կնքման համակարգի ազգային օպերատոր:

Source: https://news.am/hy/news/1048984