Չինաստանի իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա լրագրողների համար ԱՄՆ սահմանած նոր վիզային սահմանափակումներին և պատրաստ են ձեռնարկել պատասխան քայլեր։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինական կողմը վճռականորեն դեմ է ամերիկյան կողմի նոր կանոններին, որոնք կոպտորեն խախտում են 2021 թվականին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լրատվամիջոցների հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունների երեք կետերը», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով օտարերկրյա լրագրողների համար վիզաների տրամադրման կանոնների սպասվող խստացման մասին տեղեկությունը։ - «Չինաստանը իրեն վերապահում է փոխադարձության սկզբունքի հիման վրա պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը»։
Պաշտոնական ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Վաշինգտոնի նման գործողությունները լրջորեն կխոչընդոտեն ԱՄՆ-ում չինական լրատվամիջոցների բնականոն աշխատանքին։ «Չինաստանը պահանջում է, որ ամերիկյան կողմը անհապաղ չեղարկի չինացի լրագրողների նկատմամբ խտրական քաղաքականությունը և Միացյալ Նահանգներում հուսալիորեն պաշտպանի նրանց օրինական իրավունքներն ու շահերը», - հավելել է նա։
Ինչպես նշել է Լին Ցզյանը, Վաշինգտոնի կողմից հումանիտար շփումների սահմանափակումը «կողմերից ոչ մեկի շահերին չի համապատասխանում»։
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը փոխել է օտարերկրյա լրագրողներին, ուսանողներին և փոխանակման ծրագրերով ժամանող անձանց վիզաների տրամադրման կանոնները՝ սահմանափակելով երկրում նրանց գտնվելը ֆիքսված ժամանակահատվածով։ Օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան աշխատանքային նպատակով մուտք գործել Միացյալ Նահանգներ ոչ ավելի, քան 240 օր ժամկետով՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգման հնարավորությամբ։ Չինաստանի քաղաքացիների համար առաջարկվում է այդ ժամկետը սահմանափակել 90 օրով։
Source: https://news.am/hy/news/1050318