Չժեցզյան նահանգի օդերևութաբանական աստղադիտարանի տվյալներով՝ այս տարվա իններորդ թայֆունը՝ «Բավին», շաբաթ օրը մոտ 23:20-ին ցամաք է դուրս եկել Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգում, հաղորդում է Սինհուան։
Ցամաք դուրս գալու պահին նրա էպիկենտրոնի մերձակայքում քամու առավելագույն ուժգնությունը հասել է վայրկյանում 40 մետրի։ Թայֆունը նախ հարվածել է Թայչժոու քաղաքին վարչականորեն ենթակա Յույհուան շրջանային նշանակության քաղաքի ափամերձ հատվածին, այնուհետև, կեսգիշերին մոտ, կրկին ցամաք է դուրս եկել Վենչժոու քաղաքին վարչականորեն ենթակա Յուեցին շրջանային նշանակության քաղաքում։
Կանխատեսումների համաձայն, կիրակի օրը թայֆունը Չժեցզյան նահանգի արևմտյան շրջաններ կբերի հորդառատ անձրևներ։
Չժեցզյան նահանգի ջրհեղեղների, երաշտի և թայֆունների դեմ պայքարի շտաբը նախազգուշացրել է անբարենպաստ եղանակային պայմանների բացասական ազդեցության մասին քաղաքային ծառայությունների, տրանսպորտի և առափնյա ակվակուլտուրայի վրա։ Այն նաև կոչ է արել ցուցաբերել առավել զգոնություն լեռնային շրջաններում հնարավոր հանկարծակի հեղեղումների, երկրաբանական բնույթի աղետների, քաղաքների ողողման, փոքր և միջին գետերում վարարումների և գյուղատնտեսական հողատարածքների հեղեղման առնչությամբ։
Ինչպես հաղորդում է Սինհուան, ՉԺՀ ջրային ռեսուրսների նախարարությունն ու Չինաստանի օդերևութաբանական վարչությունը շաբաթ օրը ժամը 18:00-ին համատեղ հայտարարել են «կարմիր» մակարդակի նախազգուշացումներ՝ հնարավոր հանկարծակի ջրհեղեղների կապակցությամբ՝ զգուշացնելով երկրի բազմաթիվ շրջաններում տարերային աղետների բարձր վտանգի մասին։
Հուլիսի 11-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 20:00-ը հանկարծակի հնարավոր ջրհեղեղների բարձր ռիսկ է կանխատեսվում Պեկին քաղաքի արևելյան մասի, Տյանցզին քաղաքի հյուսիսային մասի, Հեբեյ նահանգի հյուսիս-արևելյան մասի, Ներքին Մոնղոլիա Ինքնավար Շրջանի արևելյան մասի, Լյաոնին նահանգի արևմտյան մասի, Ցզիլին նահանգի հյուսիս-արևելյան մասի, Հեյլունցզյան նահանգի հարավային մասի, Չժեցզյան նահանգի կենտրոնական և հարավային մասերի, Անհոյ նահանգի հարավային մասի, Ֆուցզյան նահանգի հյուսիսային մասի, Ցզյանսի նահանգի հյուսիս-արևելյան մասի և Սիչուան նահանգի կենտրոնական մասի որոշ շրջաններում։
Պեկին քաղաքի արևելյան մասի, Հեբեյ նահանգի հյուսիս-արևելյան մասի, Չժեցզյան նահանգի կենտրոնական և հարավային մասերի և Անհոյ նահանգի հարավային մասի որոշ շրջաններում հայտարարվել է «կարմիր» մակարդակի նախազգուշացում՝ սելավային հեղեղումների առաջացման շատ բարձր ռիսկի կապակցությամբ, ընդ որում կարճատև հորդառատ անձրևները կարող են նաև այլ շրջաններում հանկարծակի ջրհեղեղներ առաջացնել։
Նաև շաբաթ օրը, ժամը 18:00-ին, ՉԺՀ ջրային ռեսուրսների նախարարությունն ու Չինաստանի օդերևութաբանական վարչությունը համատեղ հայտարարել են «կարմիր» մակարդակի նախազգուշացումներ՝ երկրաբանական բնույթի հնարավոր աղետների կապակցությամբ՝ կոչ անելով տեղական իշխանություններին ակտիվացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագրերը և ուժեղացնել տարերային աղետների կանխարգելման միջոցառումները։
Նախազգուշացման մեջ կանխատեսվում է երկրաբանական բնույթի աղետների բարձր ռիսկ Պեկին և Տյանցզին քաղաքների, Ներքին Մոնղոլիա Ինքնավար Շրջանի, Հեբեյ, Լյաոնին, Ցզիլին, Հեյլունցզյան, Չժեցզյան, Անհոյ, Ցզյանսի, Ֆուցզյան, Սիչուան, Յուննան, Շենսի և Գանսու նահանգների, ինչպես նաև Սիցզան Ինքնավար Շրջանի որոշ շրջաններում հուլիսի 11-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում։
Երկու նախարարություններն էլ կոչ են արել բոլոր մակարդակների իշխանություններին և համապատասխան գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար։
Source: https://news.am/hy/news/1049341