ՀՀ ԱԺ ընտրությունները հագեցած էին ամենաճչացող խախտումներով և անօրինականություններով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին։
«Ես 1990-ականներից ի վեր նման ընտրություններ չեմ հիշում։ Խախտումներ, իհարկե, եղել են, բայց այսքան ակնհայտ օրենսդրությունը քամահրելով ու ոտնատակ անելով ընտրությունների արդյունքների ամփոփում ես չեմ հիշում»,–ասաց նա։
Խոսելով ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ–ի որոշման մասին, Խոսրով Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով ԿԸՀ բոլոր անդամները հանցագործություն են կատարել` առանց բացառության և լուրջ հանցագործության մեղսակից են դարձել։
Ինչ վերաբերում է ՍԴ–ում ընդդիմության կողմից ներկայացված բողոքների քննությանը, նախկին վարչապետը նշեց, որ ընդդիմության փաստաբանական թիմը բավականին մանրամասն ներկայացրել է բոլոր խախտումների հսկայածավալ փաստեր. «Այս ընտրությունները լեգիտիմ չէին։ Վարչապետն իր աթոռը պահելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնել։ Մենք ականատես եղանք մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման։ Հետընտրական իրավական այս տեռորը հենց դրա շարունակությունն է։ Իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ ինքը լեգիտիմ չէ, առավել ևս այն պարագայում, երբ արտաքին սպառնալիքների տեսանկյունից այն կանգնած է նոր խնդիրների առջև։ Այս լեգիտիմությունն ի վերջո հանգեցնելու է հասարակության ընդվզման անթաքույց ձգտման։ Այժմ վախի մթնոլորտ ձևավորելով փորձում է կանխել այդ լեգիտիմության դեֆիցիտի հետ կապված զարգացումները»,– նշեց Հարությունյանը։
Source: https://news.am/hy/news/1049097